ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կյանքից հեռացել է Վահան Միրաքյանը

Կյանքից հեռացել է Վահան Միրաքյանը
24.05.2014 | 02:05

Կյանքի 79-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը:

Անցյալ դարի 50-70-ական թվականներին հայկական օպերային արվեստն ունեցավ բազմաթիվ տաղանդաշատ երգիչների աստղաբույլ, որոնց թվում փայլեց նաև Վահան Միրաքյանի աստղը: Նրա մարմնավորած յուրաքանչյուր նոր դերերգ դառնում էր երաժշտագետների ու թատերագետների, ինչպես նաև օպերային արվեստի երկրպագուների հիացմունքի ու գնահատանքի առիթ:

Լենսկի (Պ. Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), Հերցոգ (Ջ. Վերդի «Ռիգոլետո»), Ալֆրեդ (Ջ. Վերդի «Տրավիատա»), Սարո (Ա. Տիգրանյան «Անուշ»), Սայաթ-Նովա (Ալ. Հարությունյան «Սայաթ-Նովա»), Խոսե (Ջ. Բիզե «Կարմեն»). ահա Վահան Միրաքյան արվեստագետի մարմնավորած դերերգերի ոչ լրիվ ցանկը:

Նրա համբավը շատ արագ դուրս եկավ Հայաստանի սահմաններից, նշանավոր տենորը շրջագայեց բազմաթիվ երկրներում` գրանցելով մեծագույն հաջողություններ` տարածելով հայ վոկալ արվեստի փառքը Խորհրդային Միության, եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ամերիկայում:

Բարձր են գնահատվել Վ. Միրաքյանի ծառայությունները հայկական երաժշտաթատերական արվեստի բնագավառում: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների, 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում:

1980- ականներից սկսած Վ. Միրաքյանն իր բեղմնավոր գործունեությունը շարունակեց Վիեննայում, ապա` ԱՄՆ-ում, որտեղ և կնքեց իր մահկանացուն:

Վստահ ենք, որ տաղանդաշատ արտիստի հիշատակը մշտապես վառ կպահեն օպերային արվեստի երկրպագուները:

Վահան Միրաքյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ս. թ. մայիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Կառավարական հանձնաժողով

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ